Category Archives: բնագիտություն

Քամու բնութագրիչները: Քամու ուժի օգտագործումը

Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:
Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը: Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հա­րավային քամի:
Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:

Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժը  0 բալ է, իսկ եթե քամու ուժը  12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
Քամու ուժի օգտագործումը: Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:
Քամու ուժի օգտագործման առա­ջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը  հազա­րամյակներ շարունակ օվկիանոսում փո­խադրել է բեռներ ու մարդկանց:
Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատ­րաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:
Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:
Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:
Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հող­մաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը հա­մաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:
Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:
Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրո­պական երկրներում և ԱՄՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին: Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն:
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը: Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:
  3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում: Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժը  0 բալ է, իսկ եթե քամու ուժը  12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:


Մթնոլորտային ճնշում, բաշխումը երկրագնդի վրա

Մթնոլորտային ճնշում: Երկրի ձգողական ուժի շնորհիվ` մթնոլորտի վերին շերտերը ճնշում են ստորին շերտերի, իսկ վերջիններս՝ նաև Երկրի մակերևույթի վրա: Այսինքն՝ օդն իր կշիռով ազդում է Երկրի մակերևույթի վրա, առաջացնում ճնշում: Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտն ահռելի ուժով ազդում է նաև մարդու վրա, սակայն մարդը դա չի զգում, որովհետև օդի արտաքին ճնշմանը հակազդում է օրգանիզմի ներքին ճնշումը:

Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որը լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): Սնդիկայինն օգտագործվում է օդերևութաբանական կայաններում և տեղաշարժման համար հարմար չէ, իսկ մետաղայինը հեշտ և հար­մար է տեղափոխման համար:
Մթնոլորտային ճնշումն առաջին անգամ սնդիկային ճնշաչափով չա­փել է Տորիչելլին 1649 թ.: Սնդիկային ճնշաչափը բաղկացած է 1 մ երկա­րությամբ, մի ծայրը փակ ապակե խողովակից, որի վրա կան միլիմետրային բաժանումներ (1000 մմ), և լցված է սնդիկով: Բաց ծայրով այդ խողովակը շրջված է սնդիկով լցված թասի մեջ։
Այդ դիրքում խողովակում սնդիկի սյան բարձրությունը՝ արտահայտված միլիմետրերով, կլինի տվյալ վայրի մթնոլորտային ճնշումը:
Այն ճնշումը, որը դիտվում է օվկիանոսի մակարդակին, 00C ջերմաս­տիճանում և հավասար է սնդիկի 760 մմ սյան գործադրած ճնշմանը, կոչ­վում է նորմալ մթնոլորտային ճնշում:
Եթե ցուցմունքը 760 մմ -ից ավելի է, ապա ճնշումը բարձր է, իսկ եթե պակաս է՝ ցածր:
Չափումները ցույց են տալիս, որ մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության ենթարկվում է փոփոխության: Ըստ բարձրության՝ օդը նոսրանում է, իսկ ճնշումը՝ ընկնում: Դա է պատճառը, որ լեռների վրա ճնշումն ավելի փոքր է, քան հարթավայրերում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շեր­տում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվա­զում է մոտ 100 մմ-ով:
Օրինակ, եթե լեռան բացարձակ բարձրությունը 4000 մ է, ապա գագա­թին մթնոլորտային ճնշումը կլինի 360 մմ (760 մմ — 4 ■ 100 մմ = 360 մմ):
Մթնոլորտային ճնշումը փոփոխվում է նաև՝ օդի ջերմաստիճանից կախված: Ջերմաստիճանի աճի դեպքում օդն ընդարձակվում է, դառնում է ավելի նոսր, ուստի ճնշումը նվազում է:
Հետևաբար՝ որքան օդի ջերմաստիճանը բարձր է, այնքան ճնշումը ցածր է, և հակառակը:
Մթնոլորտային ճնշման բաշխումը երկրագնդի վրա: Մթնոլորտային ճնշումը Երկրի մակերևույթի վրա տեղաբաշխված է խիստ անհավասա­րաչափ: Պատճառն այն է, որ երկրագնդի վրա կան տարբեր բարձրությամբ և տարբեր ջերմաստիճաններ ունեցող վայրեր:
Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումները պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր (հունարեն, իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):
Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:
Ցիկլոնները  երկրագնդի վրա հիմնականում ձևավորվում են հասարա­կածային և բարեխառն լայնությունների տաք ու խոնավ վայրերում:
Անտիցիկլոնները ձևավորվում են հիմնականում չորային շրջաննե­րում, ինչպես շոգ, այնպես էլ՝ ցուրտ կլիմայական պայմաններում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը: Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։
  2. Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը: Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որ լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):
  3. Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության: Սնդիկային ճնշաչափը բաղկացած է 1 մ երկա­րությամբ, մի ծայրը փակ ապակե խողովակից, որի վրա կան միլիմետրային բաժանումներ (1000 մմ), և լցված է սնդիկով: Բաց ծայրով այդ խողովակը շրջված է սնդիկով լցված թասի մեջ ։Այդ դիրքում խողովակում սնդիկի սյան բարձրությունը՝ արտահայտված միլիմետրերով, կլինի տվյալ վայրի մթնոլորտային ճնշումը:
  4. Ի՞նչ է իզոբարը: Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումներր պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր ((հունարեն, իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):
  5. Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը: Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:
  6. Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ: 560 մմ։


Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Ջրոլորտի պահպանությունը: Մեզ արդեն հայտնի է, որ Երկիր մոլորակը հարուստ է ջրային ռեսուրսներով, սակայն դրանց չնչին մասն է քաղցրահամ ջուր:

Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտա­գործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գետերի վրա կառուցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնք բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով: Օվկիանոսներն ու ծովերը ծառայում են մարդուն նավարկության հա­մար, ինչպես նաև՝ սննդի և բազմաթիվ օգտակար հանածոների շտեմա­րան են:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ այսօր ջրային ա­վազանները, այդ թվում նաև՝ Համաշխարհային օվկիանոսն աղտոտված են: Հատկապես մեծ չափերի է հասնում օվկիանոսների աղտոտումը տար­բեր տեսակի նավթամթերքների արտանետումներից և գետերի բերած աղ­տոտված ջրերից: Ջրի մակերեսը ծածկվում է յուղի բարակ թաղանթով, որը դժվարացնում է օդի ու ջրի միջև գազափոխանակությունը, իսկ դա էլ ազդում է օվկիանոսների և լճային ավազանների օրգանական աշ­խարհի վրա:

Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերա­կան ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրե­րով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով: Առանձին գետերում ջուրը նույնիսկ թունավոր է և օգ­տագործման համար ոչ պիտանի:

Ջուրն ունի մի հիանալի հատկություն. դա ինքնամաքրման ունակու­թյունն է, որը կատարվում է աստիճանաբար՝ ջուրը հոսելու ընթացքում: Սակայն չափից ավելի աղտոտման դեպքում ջուրն այլևս չի կարող ինքնամաքրվել: Դա վերաբերում է հատկապես փոքր գետերին: Այս դեպքում մարդու միջամտումն այդ գործին դառնում է անխուսափելի, այլապես՝ քաղցրահամ ջրի խիստ պակաս կլինի:

Ուստի պետք է ջրային պաշարները  պաշտպանել հետագա աղտոտու­մից: Պետք է դադարեցնել կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվում տար­բեր երկրներում: Հատկապես տնտեսապես զարգացած երկրները մեծ մի­ջոցներ են ծախսում արտանետված կեղտաջրերը մաքրելու համար: Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրա­մաքրիչ կայաններ, այդ թվում՝ նաև Երևանը:

Բավականին դժվար և առայժմ անիրագործելի է օվկիանոսների մաքրման խնդիրը: Օրինակ՝ օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտը մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնց ա­ռաջամասում տեղադրված սարքերի միջոցով ջուրն ընդունվում, մաքրվում և նորից բաց է թողնվում ծով կամ օվկիանոս:

Շատ վնասակար են նաև կոշտ թափոնները: Դրանք արտա­նետող արդյունաբերական ձեռնարկությունների կողքին կառուցում են այդ թափոնները վերամշակող գործարաններ:

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Մարդուն պիտանի քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալը մեր մոլորակի վրա չնչին է: Սակայն այս չնչին ծավալը  չէ, որ մտահոգում է մարդուն, այլ՝ այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, ինչպես նշվեց վերևում՝ բավա­կանին աղտոտված է:

Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:

Մեր երկրում նույնպես քաղցրահամ ջուրը տեղաբաշխված է խիստ անհավասարաչափ: Սակայն մեզ ջրի «սով» չի սպառնում: Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով միջին ապահովվածությամբ երկիր: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար մարդը փնտրում է տարբեր ուղիներ: Նախ՝ ամենագլխավորը քաղցրահամ ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է:

Ջրային ավազանները պետք է պահպանվեն հետագա աղտոտումնե­րից, և կեղտաջրերն առանց մաքրելու չպետք է լցվեն ջրային ավազաններ: Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ուղիներից է նաև օվկիանոսի ջրի աղազերծումը և օգտագործումը: Աշխարհի մի շարք երկրներում ար­դեն կառուցվել են օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ: Հիմնախնդրի մեղմման համար առաջարկում են նաև այսբերգների տեղափոխումը, հա­լեցումը և օգտագործումը:

Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է խնայողաբար օգ­տագործել և պահպանել ջրային պաշարները՝ ապագա սերունդների հա­մար ևս: Ջրի մաքրությունը կենսական հարց է բոլոր երկրների համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա: Ջուրը երկրոգնդի վրա օգտագործվում է ոռոգման, էլեկտրաէերգիայի ևկո­մունալ կենցաղային նպատակներով:
  2. Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը: Երկրագնդի ջրերը աղտոտված են նավթամթերքներով, արտանետումներով, ջրի մակերեսին նստած յուղով:
  3. Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշ­խատանքներ են կատարվում: Ջրային ավազանները աղտոտումից պահպանելու համար բոլոր մեծ քաղաքներն ունեն ջրամաքրիչ կայարաններ: Իսկ զարգացած երկրներում մարդիկ հատուկ նավերով շրջում են և մաքրում ջրի մակերեսին հավաքված յուղը:
  4. Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Մարդուն պիտանի ջուրը երկրոգնդի վրա շատ չնչին մաս է կազմում: Սակայն մարդուն մտահոգում է ուրիշ խնդիր, այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը հավասար չէ բաշխված:
  5. Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք: Մարդիկ քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար կառուցվել են օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ: Նաև օգտագործում են այզբերգներ հինախնդիրը լուծելու համար:


Մթնոլորտի կազմն և կառուցվածքը

Մթնոլորտի կազմը: Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը  մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:
Մթնոլորտի կառուցվածքը: Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև 3000 կմ բարձրությանը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը և զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3 օդի զանգվածը 0°C-ում  1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:
Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ  և  ար­տաքին ոլորտ:
Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:
Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաննե­րում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություննե­րում՝ 17-20 կմ:
Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
Վերնոլորտը  տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը  կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:
Արտաքին ոլորտը մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանը հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:
Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենա­փոքրն է, օդը  անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբող­ջովին բացակայում են:
Մերձբևեռային շրջաններում, հատկապես՝ ձմռանը, վերնոլորտում դիտվում է հյուսիսափայլի կամ բևեռափայլի երևույթ: Դա մութ երկնքի ֆոնի վրա առաջացնում է գույնզգույն լուսավոր բծերի գեղեցիկ պատկեր և Երկրի մակերևույթը լուսավորում է թույլ, գրավիչ լույսով:

Հարցեր և  առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված: Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Ազոտ և թթվածին։
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից: Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը:
  3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը: Վերնոլորտը։
  4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում: Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
    Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետեյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ և ար­տաքին ոլորտ:
  5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը: Ներքնոլորտր մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է: Ներքնոլորտի հաստությունր բևեռային շրջաննե­րում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություննե­րում՝ 17-20 կմ: Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
  6. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը: Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտր կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:


Ճահիճների առաջացումը: Ճահիճների դերը մարդու կյանքում

Ճահիճների  առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ: Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
Ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և՛ ճահճուտներ, և՛ աղուտներ:

Ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակշռությունը: Ճահիճները  չի  կարելի համարել լիովին  անօգուտ  տարածքներ: Դրանք շատ  կարևոր դեր  ունեն  Երկրի  վրա: Ճահիճների բուսականությունը, իրականացնելով ֆոտոսինթեզ (լուսահամադրում), հսկայական քանակությամբ թթվածին  է տալիս  մթնոլորտին: Չորացնելով ճահիճները՝  մարդը կարող է լրջորեն խախտել բնության ներդաշնակությունը: Դրանից  ելնելով՝ որոշ երկրներում ճահիճները դարձել  են  պետական  արգելոցներ:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքները  հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում: Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ: Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և՜ ճահճուտներ, և՜ աղուտներ:
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակշռությունը: Ճահիճները  չի  կարելի համարել լիովին անօգուտ տարածքներ: Դրանք շատ կարևոր դեր ունեն Երկրի վրա: Ճահիճների բուսականությունը, իրականացնելով ֆոտոսինթեզ (լուսահամադրում), հսկայական քանակությամբ թթվածին է տալիս մթնոլորտին: Չորացնելով ճահիճները՝ մարդը կարող է լրջորեն խախտել բնության ներդաշնակությունը: Դրանից  ելնելով՝ որոշ երկրներում ճահիճները դարձել են պետական արգելոցներ:


Սառցադաշտեր

Սառցադաշտերի առաջացումը: Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով:

Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում  և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:

Սառցադաշտերն զբաղեցնում են ցամաքի մակերևույթի ավելի քան 1/10 մասը և համարվում են երկրագնդի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանը:

Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:

Ծածկույթային կամ մայրցամաքային սառցադաշտերը տարածված են բևեռային և  մերձբևեռային շրջաններում՝ Անտարկտիդայում, Գրենլանդիայում, ինչպես նաև՝ դրանց հարող կղզիներում:

Դրանց հաստությունը կարող է հասնել մի քանի կիլոմետրի: Օրինակ՝ Անտարկտիդայում այն հասնում է մինչև 3-4 կմ:

Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում,  իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:

Այսբերգները շատ վտանգավոր են նավարկության համար, որովհետև դրանց ծավալի մեծ մասը՝ 3/4-ը, ընկղմված է ջրի մեջ, ուստի հեռվից դիտե­լիս շատ փոքր են երևում: Հայտնի «Տիտանիկ» նավի խորտակումը  1912 թ. պայմանավորված էր հսկա այսբերգի հետ բախմամբ:

Լեռնահովտային սառցադաշտերը տարածված են բարձրալեռնային հովիտներում: Սրանք հանդիպում են աշխարհագրական բոլոր լայնություններում, որտեղ կան բարձր լեռներ: Նույնիսկ ամենատաք մայր­ցամաքի՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթ Կիլիմանջարոյի (5895 մ) վրա կա սառցադաշտ:

Սառցադաշտը ձյան կուտակումից աստիճանաբար ընդարձակվում  մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում:

Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակը՝ գետի նմանվող սառույցը, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտը   շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք:

Սառցադաշտային լեզվակը հովտով շարժվում է ցած և այնտեղ հալ­վում, կուտակում վերևից քայքայված, բերված կոշտ նյութերը՝ առաջաց­նելով թմբեր, որոնք կոչվում են մորեններ: Նման թմբաշարեր շատ կան Եվրոպայի հյուսիսային մասում:

Հայաստանի Հանրապետության տարածքում սառցադաշտեր չկան: Սակայն անցյալում եղել է սառցապատում, որի հետքերը պահպանվել են Արագածի, Գեղամա լեռների բարձրադիր մասերում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում: Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:
  2. Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը: Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային: Ծածկույթային կամ մայրցամաքային սառցադաշտերը տարածված են բևեռային և մերձբևեռային շրջաններում՝ Անտարկտիդայում, Գրենլանդիայում, ինչպես նաև դրանց հարող կղզիներում:
  3. Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում: Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում, իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:
  4. Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը: Սառցադաշտը ձյան կուտակումից աստիճանաբար ընդարձակվում մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում: Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակը՝ գետի նմանվող սառույցը, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտը շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք:


Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ, արտեզյան ջրեր

Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով: Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:
Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:

Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:

Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:

Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և  սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:

Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:

Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:

Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:

Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո­րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:

Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրա­կեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:

Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներ­կայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։ Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով: 
  2. Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։ Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է (տուֆ, գլաքարեր, կոպիճ, տորֆ, ավազ)։ Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում (մարմար, կավ, զանգվածային բյուրեղային ապարներ)։
  3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում: Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային: Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:
  4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ։
    Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: 
    Հանքային ջուրը դա այն ջուրն է որի մեջ լուծվում են հանքային նյութեր, գազեր, աղեր։ Նրանք բուժիչ են։
  5. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան: Այն ջրերն են որոնք կուտակված են երկու ջրամերժ շերտերի միջև և երբ վերին շերտը ծակում են  ջուրը դուրս է գալիս երկրի մակերևույթ։
  6. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը: Ջրերը օգ­տագործվում են խմելու և կենցաղային նպատակների համար, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով, հանքային աղբյուրների ջրերը բուժման նպատակներով:


Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զբաղեցնում է ջրային տարածքը, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:
Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:

Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ: Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝  Հարավայինը, որը  ողողում է Անտարկտիդայի ափերը: Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի ընդարձակ տարածություն է զբաղեցնում, քան ամբողջ ցամաքը:

Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդը՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:

Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:

Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական և  կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:

Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցը: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:

Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:

Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրանք մի կողմով միացած են ցամաքին:

Համաշխարհային օվկիանոսի հատակը ցամաքի մակերևույթի նման անհարթ է: Այնտեղ կարելի է հանդիպել առանձին լեռների, լեռնաշղթանե­րի, ընդարձակ հարթությունների, խոր անդունդների:

Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը  Մարիանյանն է՝ 11022 մ, որը  գտնվում է Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսի խորությունը  չափում են ձայնային խորաչափ (էխոլոտ) կոչվող սարքով, որը տեղադրվում է հատուկ նավերի վրա: Խորությունները  չափում են հետևյալ կերպ. հաշվում են խորաչափից արձակած և հատակից անդրադարձած ձայնի անցած ժամանակը, որը, ենթադրենք, 8 վայրկյան է, բաժանում երկուսի (գնալու և վերադառնալու համար) և բազմապատկում օվկիանոսի ջրում ձայնի արագությանը՝ մոտ 1500 մ/վ, ստանում խորությունը՝ 1500 *8 : 2 = 6000 մ:

Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:

Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:  Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:
Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ):  Ամենաաղի ծովը Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը: Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զբաղեցնում է ջրային տարածքը, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ: Համաշխարային օվկիանոսի մասերն են՝ Հյուսիսային Սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական օվկիանոսները։
  2. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ: Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները: Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական և  կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն: Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցը: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:
  3. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ: Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ: Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ, օրինակ Մադագասկարի կղզին, Ջամայկա կղզին և այլն։ Թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրանք մի կողմով միացած են ցամաքին, Օրինակ Արաբական թերակղզին, Սևանալճի թերակղզին, Պիրենայան թերակղզին։
  4. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը: Ամենատաք ջրերը հասարակածին մոտ ջրերն են, այստեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:  Կամաց-կամաց, ըստ կլիմայական գոտիների ջրի ջերմաստիճանը նվազում է։ Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ):  Ամենաաղի ծովը Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:


Ջրոլորտ, ջուրը բնության մեջ: Ջրի հատկությունները

Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ:
Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:
Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:
Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալը մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ընդ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ: Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի  և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը  միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
Ջրի հատկությունները: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:

Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում:
Հայտնի է, որ նյութերը տաքանալիս ընդարձակվում են, դրանց խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունը մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրը միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանա­զան նյութեր:
Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:
Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:
Աղի ջրերը պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերը նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճա­կում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:
Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրը, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակ­տերիաներ չի պարունակում:
Ջրի մյուս կարևոր հատկությունը  ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:
Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը՝ սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործընթացը. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:
Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:
  2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:
  3. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:
  4. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:
  5. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է:


Ուսումնական առաջին շրջանի ամփոփում. բնագիտություն

Մի օր ՆԱՍԱ-ում

Մարմիններն ու նյութերը մեր շրջապատում

Նյութերի կազմությունը. Մոլեկուլներ և ատոմներ

Նյութերի երեք հիմնական վիճակները

Քիմիական տարրեր, քիմիական նշաններ: Պարզ և բարդ նյութեր

Գաղափար Տիեզերքի մասին, աստղեր և համաստեղություններ

Արեգակնային համակարգ, արեգակ, մոլորակները, Երկիր մոլորակ

Լուսինը որպես Երկրի արբանյակ: Լուսնի փուլերը

Երկրի ձևը, չափերը: Գլոբուս

Երկրի տարեկան պտույտը Արեգակի շուրջը

Հատակագիծ և քարտեզ: Մասշտաբ: Պայմանական նշաններ

Ամփոփիչ աշխատանք. Տիեզերք

Քարոլորտ. Երկրի ներքին կառուցվածքը

Երկրակեղևի կառուցվածքը

Հրաբուխ

Երկրաշարժ

Երկրի մակերևույթը փոփոխող արտածին ուժերը



Next page →