Category Archives: Թեստ

Քննության թեստ ՙՙԶեբր՚՚



Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/ Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։ /1 միավոր/ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։

5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/ Պատմողական-Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։ Բացականչական-Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր/

Շուտով երկար պարանը պրծավ, և խելացի Մյունխհաուզենը օդում կախված մնացի՝ երկնքի և հեռու երկրի միջև։

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/ Աճում, հասնում, բարձրանալ, վազեցի, փորեցի:

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/

Փորել — փորել հողը

Դուրս գալ —— դուրս գալ փոսից

Աճեցնել —-Աճեցնել բույսը

Տեսնել — տեսնել երկիրը

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ /1 միավոր/ Հիշեցի-վերհիշեցի, իսկույն-անմիջապես, վերջիվերջո-վերջապես, ուրախ-ուրախուրախ-զվարթ:

4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ /1 միավոր/ Բարեբախտաբար-դժբախտաբար, երկար-կարճ, բարձրանալ-իջնել, վերև-ներքև:



Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա ընկավ երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես: Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ տխրեց, հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողնված տառերը: Դարձավ, խորհրդավոր, գաղտնիքը, փորձեցի:
  2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.

պարզ-բարդ

գեղեցիկ-տգեղ

երկար-կարճ

ուղիղ-թեք

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարցեր

բ/ նկար-նկարներ

գ/ գառ-գառներ

դ/ մոլորակ-մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական

7. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն: — Սա ի՞նչ առարկա է: Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…:

8.Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը: Գեղեցիկ, զրնգուն:

9. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

10. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը: Սա ի՞նչ առարկա է:

11. Հեղինակի կարծիքով ո՞ւր կարող էր գնալ գառնուկը:

ՈՒր խելքը փչի։

Ուղիղ մինչև վերջ։

12. Ինչպե՞ս ես հասկանում «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը: Եթե նպատակ չունենաս, ոչնչի չես հասնի։



Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: Եղբայր, հարյուր, պատմվածքը, հեքիաթի:
  2. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները

 ա/ գեղեցիկ-գեղանի
բ/ շատ-բազում
գ/կախարդական-մոգական

դ/ մեծ-աժդահա

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն – պարզ

դ/ անգետ — ածանցավոր

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

6. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին: Հասկանալ-հասկանում ենք, ճանաչել-ճանաչում էին, հիշել-հիշում եմ, վախենալ-վախենում էի:

7.  Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն: Պատմողական- Մեծահասակները թվեր շատ են սիրում: Հարցական-Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ:

8. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները։ Մեծահասակները թվեր են շատ սիրում:

9. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին: «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»:

10. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

11․Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

12. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և ներեն մեծերին: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:



Ջաննի Ռոդարի: Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Կողքին

Վարդ
Տարօրինակ

Անգամ

 2. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի

դ/ ծաղկի խանութ

3. Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
Որտեղ-բարդ

Մատը-պարզ
Քաղաքային-ածանցավոր
Գրիչը-ածանցավոր
4. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

ԳոյականԱծականԲայ
ՏներԿլորԿառուցված էին
Անկյուններ

5. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց-ճամփորդել
բ/պետք է վճարեք-պետք է վճարել
գ/ասաց-ասել
դ/երազում էր-երազել

6. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

7. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:


Արևածաղիկ

8. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական, մեկ հարցական նախադասություն: 

Պատմողական

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար:

Հարցական

– Երկու ապտակ պարեկի՞ն:

9.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն: Ջովանինոն հայտնվել էր աշխարհում որտեղ ոչ մի սուր բան չկար: Տները կառուցված էին կլոր սուրանկյաուններրից: Շենքերի տանիքները նույնպես կլոր էին: Վարդերը փուշ չուն էին: Նույնիսկ գրիչն ու թուրն էին բութ:

10.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր: Պարեկը նշանակեց երկու ապտակ, որովհետև Ջովանինոն պետք է վճարեր տուգանքի կեսը, իսկ տուգանքը չորս ապտակ է: Դուք պետք է ինձ նվիրեք 50 կատու, որովհետև դուք խախտել եք կանոնները:

11. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

12. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր: Այո:



Թեստ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրը ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լրացնելով բաց թողած տառերը: Անգամ, երբ, սուրը, ավելորդ։
  2. Ստեղծագործությունից դո՛ւրս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների: Քաղհան-քաղ+հան, ակնթարթ-ակն+թարթ, այստեղ-այս+տեղ, քմահաճույք-քիմք+ա+հաճ+ույք:
  3. Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան-սանդուղք

բ/ սիրուն-գեղեցիկ

գ/ բղավել-ճչալ

դ/ դաշտ-արտ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան-բարդ

բ/ չար-պարզ

գ/ երազ-ածանցավոր

դ/տանձ-պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ չար-գոյական

դ/  միտք – գոյական

7. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ: Բարի ոգի, չար կախարդ:

8. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

9. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում: Որոշեց օգտվել իր ձայնից:

10. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը։

Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն։



Հ․ Թումանյան “Մայրը”

Թեստային աշխատանք

Հ․ Թումանյան

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառե րը`լրացնելով բաց թողած տառերը:

Զվարթ, քաղցր, վերադարձել, իջավ

2. Ի՞նչ է նշանակում «ծղրտալով» բառը.

     ա/ ծիծաղելով

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով

     դ/ մկկալով

3. Դո՛ւրս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

Դեպք-Դիպված, պատահար

Ուրախ-Զվարթ, խնդուն

Վարկյան-ակնթարթ

Զիլ-սուր

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ

  բ/ անզգույշ-ածանցավոր

  գ/ փոքրիկ-պարզ

  դ/ այնտեղ-բարդ

5. Տեքստից դո՛ւրս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրո՛ւ  հոգնակի:

Ծիծեռնակ-ծիծեռնակներ

Գարուն-գարուններ

Աշուն-աշուններ

Ձու-ձվեր

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-բայ

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-գոյական

7 .Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը)  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Պատահել-պատահեց

Հայտնվել-հայտվեց

Շտապել-շտապեց

Կատարվել-կատարվեց

 8. Դո՛ւրս գրիր պատմվածքի գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

9. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։

10.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

11. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

        դ/ ծլվլում էր երդիկին

12. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Որովհետև ձագը այնքան արագ ընկավ, որ երեխաները չհասցրեցին փրկել։



Թեստային աշխատանք 23․02․2023

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Փախչում

երբ

պատշգամբ

ակնթարթ

2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

Զուլալ – ջինջ

լուռ – լռիկ

  1. Համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ-ծնվել, հայտնվել
բ/խելքը գլխին-դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ-համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել-մեկին պատժել, լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ: Վերջալույս, խորասույզ, լուսամուտ, ակնթարթ:
  2. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ-պատվեր
բ/մալինա-ազնվամորի

գ/կենգուրու-ագեվազ

դ/ստարտ-մեկնարկ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ: Անտառ, եղնիկ, լուսամուտ, ընկեր:
  2. Նշված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
  3. ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  1. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը: Եղնիկը խարտյաշ էր, մատաղ էր և ուներ խորունկ սև ջինջ աչքեր:
  2. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը: Անտառներին:

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին: Որովհետև հեղինակը հասկանում էր որ, եղնիկը կարոտել էր անտառները, մայրիկին և ընկերներին:

12․ Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ: Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:



թեստային աշխատանք 16.02.2023

Թեստ 1

Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր 

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել: 

Ասենք՝ գալիս էր ու հարցնում. 

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում. 

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն: 

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում: 

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր. 

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի: 

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն: 

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ: 

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»: 

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: 

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել: 

1.     Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
ամբողջ

անգամ
 երբեք

դարձավ

2.     Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած  

բ/կամակոր     

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ 

 

3.     Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
             
Վատ-լավ

սովորական-անսովոր

պարզ-բարդ

երկար-կարճ

4.     Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա. 

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

 

5.     Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով. 

ա/աչքերը                              

բ/ հարցերին                         

գ/ դարակները                     

դ/ խրճիթ                                

6.     Տեքստից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական: 

մարդիկ, կատու-գոյականներ

պարզ, երկար-ածականներ

7.      Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է-ձանձրացնել               
բ/չէր կարողանում-չկարողանալ               
գ/դնեն-դնել                                     
դ/դարձավ-դառնալ                              

9.     Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը. 

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

 

10.   Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                                   Կաղամբ

 

11.   Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
Այդ տղան շատ հետաքրքրասեր էր:

 

12.  Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին. 

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս 

 

13.  Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները:

14.  Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
Ինչու՞ ականջները ունեն կատու:

Ականջները ունեն կատու, որովհետև կատուները պետք է լսեն:

Ինչու՞ տառերը ունեն այբուբեն:

Տառերը ունեն այբուբեն, որպեսզի մենք կարողանանք գրել և կարդալ:

Ինչու՞ դարակները ունեն սեղան:

Դարակները ունեն սեղան, որպեսզի մենք իրերը դնենք մեզ մոտիկ տեղ: