Հովհաննես Թումանյանի մասին

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ Նա եղել է հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ ու հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։ Ըստ ավանդության` Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից։ 17-րդ դարի մի քանի վավերագրերում Թումանյան և Մամիկոնյան ազգանունները հիշատակվում են որպես միևնույն տոհմանուններ։ Բանաստեղծի մանկությունն անցել է նրա ծննդավայրում։ Թումանյանների ընտանիքը եղել է բազմամարդ։ Տիգրան Տեր-Դավթյանի դպրոցում ուսանելու տարիներին և Տեր-Դավթյանի ընտանիքի հետ մտերմանալիս Թումանյանը սիրահարվում է տեսչի աղջիկներից մեկին՝ Վերգինեին և գրում է «Հոգուս հատոր» բանաստեղծությունը։ Տիգրան Տեր-Դավթյանը սակայն, իմանալով այս սիրո մասին, աշակերտի վրա լրտեսներ է նշանակում, որոնք Թումանյանին գտնում են դպրոցի բակի լորիների տակ՝ «Հոգուս հատորը» գրելիս։ Թումանյանին փրկում է տեսչի դուստրը՝ Վերգինեն, որին էլ նա հասցեավորել էր «Հոգուս հատորը»։ Հետագայում այս միջադեպը և առաջին սերը դարձել են Թումանյանի ամենաթանկ հիշողություններից մեկը։ 1887 թվականի սեպտեմբերին Թումանյանը սիրահարվում է Թիֆլիսի Քամոյան եկեղեցու քահանա և կոնսիստորիայի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանի որդեգրուհի Մարիամ (Օլգա) Մաճկալյանին։ 1888 թվականին՝ տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։ Նրանք ունեցել են 10 երեխա՝ Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Անուշ, Արփենիկ, Արեգ, Սեդա և Թամար Թումանյանները։ 1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանըև ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը։ 20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին։ 1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ։ Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Հայոց ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։ 1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *